Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինչի՞ մասին է աղաղակում խուլ ու համրերի աշխարհը

Ինչի՞ մասին է աղաղակում խուլ ու համրերի աշխարհը
18.07.2014 | 11:49

Երևանյան 11-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային մրցույթ» ծրագրում ընդգրկված Միրոսլավ Սլաբոշպիցկու «Ցեղ» ֆիլմը պատմում է խուլ ու համրերի մասնագիտական գիշերօթիկ դպրոցի առօրյայի մասին: Առօրյա, որ լի է վտանգավոր որոգայթներով, գրված և չգրված օրենքների պարտադրանքներով ու նաև մարդկային անկեղծ մղումներ ենթադրող պարագաներով: Այդպիսի պարագաների բերումով ֆիլմի հերոսը հանդիպում ու սիրահարվում է դպրոցի ազդեցիկ դեմքի հարճերից մեկին` Աննային, ու կանգնում դժվարին ընտրության առաջ:
Ֆիլմի հերոսուհուն` Աննային, մարմնավորած ուկրաինացի դերասանուհուն` խուլ ու համր, չափազանց համակրելի Յանա Նովիկովային հանդիպեցինք ոսկեծիրանյան ասուլիսներից մեկի ժամանակ:
Ներկայացնելով «Ցեղ» ֆիլմը` «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ այն դեռևս նախագծային փուլում արժանացել է «Ոսկե ծիրանի» «Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորումի մրցանակին և ստացել որոշակի դրամաշնորհ` նախագիծը զարգացնելու համար:
Նկարահանվելուց հետո ֆիլմը հասցրել է արձանագրել որոշակի հաջողություններ, նվաճել է «Քննադատների շաբաթ» ծրագրի Մեծ մրցանակը, France-4-ի «Հայտնություն մեծ մրցանակը», ներկայացվել Կաննի ՄԿՓ-ում, արժանացել Տարկովսկու անվան «Զերկալո» փառատոնի գլխավոր մրցանակին:
Իր խոսքում, որը բացառապես ժեստերի լեզվով էր և մեզ համար հասկանալի ու մատչելի էր դառնում ժեստերի թարգմանիչ Ռոզա Բալեյանի շնորհիվ, դերասանուհին խոստովանեց, որ ինքը շատ շփոթված է, բայց և հավատում է, որ իրենց ֆիլմը հաջողված է ու հավաստում է այն ճշմարտությունը, թե ժեստերի լեզուն կարիք չունի թարգմանության, տակագրությունների, թե այն կարող են հասկանալ, ընկալել բոլորը` թե՛ խուլ-համրերը, թե՛ սովորական մահկանացուները:
Մեր հարցը դերասանուհուն հետևյալն էր. «Ի վերջո, «Ցեղ» ֆիլմն ի՞նչ նշանակություն ունի խուլ-համրերի աշխարհի ներկայացուցիչների համար: Այն բուժական թերապիայի դե՞ր է կատարում, թե՞ ավելի սարսափելի ու ցավագին է դարձնում նրանց խնդիրները»:
Յանա Նովիկովան պատասխանեց. «Մեր ֆիլմը կյանքի մասին է, սիրո մասին, ատելության: Այն ցույց է տալիս, թե մարդիկ ինչպես են ապրում խուլ-համրերի աշխարհում: Ես վստահ եմ, որ այդ մարդկանց համար ամեն ինչ լավ կլինի: Այս ֆիլմն օգնում է մեզ, որովհետև հնարավորություն է տալիս պատմելու մեր մասին»:
«Ոսկե ծիրանի» աշխարհահռչակ հյուր, կորեացի ռեժիսոր Կիմ Կի-Դուկն էլ լրագրողների հանդիպման ժամանակ հատուկ անդրադարձավ Յանա Նովիկովայի անձին և ճակատագրին, նշելով, թե դա պարզապես ապշեցուցիչ, հիացմունքի արժանի փաստ է, որ խուլ ու համր այդ աղջիկն իր մեջ ուժ է գտել հաղթահարելու ֆիզիկական արատը և այդքան հաջող կերպար ստեղծել «Ցեղ» ֆիլմում:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2397

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ